Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկայի երկրներ նախատեսված այցելությունը չեղարկվել է: Դրա պատճառները փորձել է պարզել Արգենտինայի հայկական Prensa Armenia լրատվական գործակալությունը, հայտնում է «Արմենպրես»-ը:
Գործակալությանը մասնավորապես հայտնի է դարձել, որ լարվածությունն սկսվել է, երբ Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում Թուրքիայի դեսպան Մերալ Բարլաշը պաշտոնապես հունվարի 26-ին՝ այցից ընդամենը երկու շաբաթ առաջ է դիմել Ուրուգվայի արտգործնախարարություն՝ ճշտելու, թե արդյոք նախագահը կարող է հանդիպել Էրդողանի հետ: Ի պատասխան դիմումի հայտնի է դարձել, որ Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը հրաժարվել է ընդունել Թուրքիայի նախագահին ամբողջական օրակարգով, նա համաձայնել է միայն կարճ հանդիպման, ինչը թուրքական դիվանագիտությունն անբավարար է համարել: Բացի այդ, Ուրուգվայի կառավարությունը հրաժարվել է ձեռնարկել անվտանգության արտակարգ միջոցներ՝ ապահովելու թուրքական կողմի պահանջը, որը ենթադրում էր շուրջ 100 թուրք թիկնապահի, դիպուկահարների և հատուկ պատրաստված շների առկայություն:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից այցը չեղարկելու մասին իմացել է միայն հունվարի 30-ին՝ լրատվամիջոցներից: Մինչև այդ Ուրուգվայի կառավարությունը որևէ պաշտոնական տեղեկություն չի ունեցել այցի չեղարկման մասին: