Թուրքիայի ղեկավարությունը պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին: Նա նաև հավելել է, որ «Սիրիայի վերաբերյալ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցությունները շարունակվում են»:
Աֆրինում տեղի ունեցող զարգացումների պատճառով իտալացի շատ քաղաքական և հասարակական գործիչներ այսօր դեմ են արտահայտվել Էրդողանի այցին: Իտալիայի ձախերի կուսակցության առաջնորդ Նիկոլա Ֆրատոյանին հորդորել է երկրի իշխանություններին թիկունք դարձնել նրանց, ովքեր «ներկայացնում են արյունոտ և բռնի վարչակարգը»:
Սակայն պետք է նկատել, որ Անկարայում միջազգային հանրության այս մտահոգությունների պատճառով չեն շտապում վերանայել իրենց քաղաքականությունը քրդերի դեմ:
Այսպես, վերջին օրերին Աֆրինում ընթացող գործողությունների կապակցությամբ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարարությունը՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով տեղի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի վերաբերյալ: «ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին պահպանել խաղաղ բնակչությանը, նրանց ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն և հարգել նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը»,-հավելել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈւ-ի՝ սիրիական Աֆրինում քուրդ զինյալների դեմ ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» գործողությունը չպետք է պատրվակ դառնա Սիրիայի հողերը զավթելու համար: «Եթե այս գործողությունն ահաբեկչության դեմ պոտենցիալ գործողությունից վերածվի օկուպացիայի, ապա դա մեզ համար լուրջ խնդիր կլինի», - ասել է Մակրոնը Le Figaro պարբերականին տված հարցազրույցում: Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել Թուրքիային Սիրիայի հյուսիսում իրականացվող բոլոր քայլերը համաձայնեցնել ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների հետ:
Անկարայի վերաբերմունքը միջազգային հանրության մտահոգություններին արտահայտում է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի պատասխանը Մակրոնի հայտարարությունը: «Աֆրինի հետ կապված Ֆրանսիան կամ որևէ այլ երկիր չի կարող մեզ դաս տալ: Այս եվրոպացիները երկերեսանի են: Դեմքիդ ասում են ճիշտ ես, իսկ թիկունքիցդ այլ հայտարարություն են անում»,- ասել է Չավուշօղլուն: