ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 6-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու նպատակով:
ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը դրական է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակների կողմից հաշվի են առնվել միջազգային չափանիշներն ու Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից շատերը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը մեր երկրի հանրային կյանքում և նշել, որ հանրության տրամադրություններն այս օրենքի նկատմամբ զգայուն են: Անդրադարձ է կատարվել նաև խղճի և դավանանքի ազատության ոլորտի մայր օրենքով սահմանվող իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաև օրենքի նախագծի լրամշակման և վերանայման ենթակա դրույթներին: