Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցությունները կարող են վերսկսվել միայն այն դեպքում, երբ Պաղեստինի ապագա պետության կազմ մտնեն Արևմտյան ափը և Գազայի հատվածը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Այս մասին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմմուդ Աբասն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը չի կարող պաղեստինցիներին պարտադրել Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր:
Նշենք, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի որոշումից հետո Պաղեստինի իշխանություններն ակտիվացրել են իրենց աշխատանքը եվրոպական երկրների կողմից Պաղեստին պետության ճանաչման ուղղությամբ՝ փորձելով այսկերպ հակադրվել Թրամփի որոշմանը: Դեռևս այս գործընթացի շրջանակում եվրոպական ոչ մի երկիր չի ճանաչել Պաղեստինը, փոխարենը հնչել են հավաստիացումներ (օրինակ՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի կողմից ), որ իրենք չեն պատրաստվում հետևել ԱՄՆ օրինակին:
Միևնույն ժամանակ Իսրայելն ակտիվ աշխատանքներ է տանում Երուսաղեմն իր մայրաքաղաք ճանաչած պետությունների թիվն ընդլայնելու ուղղությամբ: Ընդ որում, Իսրայելն իր առջև դրված խնդրի իրականացման հարցում համեմատաբար ավելի մեծ հաջողությունների է հասել. Գվատեմալան արդեն հայտարարել է ԱՄՆ օրինակով իր դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, և իսրայելական իշխանություններն այժմ այս ուղղությամբ բանակցություններ են վարում 10-ից ավելի պետությունների հետ:
Այս գործընթացների արդյունքում պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացում կարող է ձևավորվել նոր իրավիճակ, որը կարող է կամ էլ ավելի հեռացնել կողմերին միմյանցից, կամ նպաստել բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելուն: Այս կապակցությամբ հետաքրքրիր է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ Պաղեստինը նոր մեխանիզմներ է փնտրում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար՝ այդ թվում նաև ԱՄՆ մասնակցությամբ:
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի որոշումը հստակ ցույց տվեց, որ Պաղեստինն այլևս չունի անհրաժեշտ ռեսուրսներ ինտիֆադայի միջոցով Իսրայելին ինչ-որ բան պարտադրելու համար, և որ հակամարտության կարգավորման գործընթացում որևէ փոփոխություն քաղաքական որոշման շնորհիվ է հնարավոր միայն:
Միևնյուն ժամանակ Թրամփի որոշումը ևս մեկ անգամ արձանագրեց արաբական աշխարհում միասնության բացակայության փաստը: Թրամփի որոշման արձագանքների բնույթից ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ հակամարտությունն վերաբերում է միայն Պաղեստինին, այլ ոչ թե՝ ամբողջ արաբական աշխարհին. վերջինս այլևս մտադիր չէ ի վնաս իր ազգային շահերի կտրուկ քայլերի դիմել պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու համար: Փոխարենը՝ պաղեստինցիների իրավունքների պաշտպանի դերն ակտիվորեն ստանձնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն՝ այդ կերպ ևս մեկ անգամ հայտարարելով իսլամական աշխահի առաջնորդի կոչման իր հավակնությունների մասին:
Այսպիսով, Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումից երկու ամիս անց մի բան արդեն միանգամայն հստակ է, որ, չնայած կանխատեսումներին, մերձավորարևելյան տարածաշրջանում այդ որոշման պատճառով լարվածության աննախադեպ աճ չգրանցվեց: Միևնույն ժամանակ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում Թրամփի այդ որոշումով առաջացավ նոր իրավիճակ՝ կողմերին ստիպելով ակտիվ քայլերի դիմել: