ԱՄՆ կառավարությանն այլևս չի սպառնում աշխատանքի երկարաժամկետ դադարեցում: Փետրվարի 9-ին ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների վերջապես հաջողվեց համաձայնության գալ և հաստատել ներկայացված բյուջեի նախագիծը:
Հիշեցնենք, որ 2018թ. ընթացքում ԱՄՆ կոնգրեսում երկու անգամ չէր ստացվել բյուջեի նախագծի շուրջ գալ համաձայնության: Նախատեսվում էր, որ մինչ հունվարի 19-ը Կոնգրեսի երկու պալատները կհաստատեն բյուջեի տարեկան նախագիծը: Բայց, քանի որ նրանց չհաջողվեց դա անել, սահմանվեց ժամանակավոր ֆինանսավորման ծրագիր, որը Կոնգրեսին հավելյալ ժամանակ տվեց՝ մինչ փետվարի 9-ը՝ կեսգիշեր, համաձայնության գալու համար: Սակայն, Կոնգրեսի երկու պալատները հատկացված հավելյալ ժամակում ևս չկարողացան հաստատել ներկայացված բյուջեի նախագիծը, ինչն էլ հանգեցրեց նրա, որ ԱՄՆ կառավարությունը մի քանի ժամով դադարեցրեց իր աշխատանքը:
Կարևոր է նկատել, որ առաջին անգամ չէ, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է իր գործունեությունը: Նախկինում ևս այն փակվել է 18 անգամ: ԱՄՆ կառավարությունն ամենաերկարը չի գործել ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի ժամանակ՝ 21 օր՝ 1995 թվականի դեկտեմբերից մինչ 1996 թվականի հունվարը, երբ հանրապետական կոնգրեսականները պահանջեցին իրականացնել կրճատումներ բյուջեի՝ սոցիալական և բժշկական ծախսեր նախատեսող տողերում: ԱՄՆ կառավարությունը վերջին անգամ դադարեցրել էր իր գործունեությունը Օբամայի վարչակարգի ժամանակ՝ 2013 թվականին, որը տևել էր 16 օր: Այդ ժամանակ հանրապետականները հրաժարվում էին ֆինանսներ հատկացնել Օբամայի կողմից առաջարկվող բժշկական ապահովագրությանը: Այդ ընթացքում Կանադա-ԱՄՆ սահմանին, որի երկարությունն է 8891 կմ, մնացել էր միայն մեկ պարեկ:
Այս անգամ բյուջեի հետ կապված հակասությունների շարքում կարելի է առանձնացնել երեք հիմնական պատճառ.
1. ԱՄՆ կողմից միգրանտների ընդունման հետ կապված սահմանափակումներ,
2. Սահմանների անվտանգության ապահովման, Մեքսիկայի հետ պատի կառուցման շուրջ անհամաձայնություններ,
3. Ռազմական ծախսերի աճի հետ կապված անհամաձայնություններ:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ թեպետ ԱՄՆ պատմության ընթացքում ս առաջին անգամ չէ, որ ԱՄՆ կոնգրեսը բախվում է բյուջեի ընդունման հետ խնդիրների, ներկայիս իրավիճակը յուրահատուկ էր նրանով, որ այսօր կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են կազմում հանրապետականները: Առկա խոչընդոտները փաստում են ներկուսակցական խնդիրների առկայության մասին: