Խորհրդային շրջանի առաջին ցույցերը… Նա, ով չի ապրել այդ շրջանում, չի հասկանա, թե ինչ անվստահությամբ, վախով, անհանգստությամբ էին մարդիկ գնում առաջին և դեռևս ոչ մեծաթիվ ցույցերին Ստեփակակերտի գլխավոր հրապարկում, որտեղ տեղադրված էր Լենինի արձանը: Փետրվարի 13-ն էր:
Այն ժամանակ դժվար էր հավատալ, որ մարդկանց այդ փոքր խումբը հաջորդ օրերին կդառնա հազարներ, ովքեր կվանկարկեն «Միացու՛մ»: Արցախցիները «հրապարակայնության և վերակառուցման» շրջանում հավատացին փոփոխություններին և որոշեցին նորից բարձրացնել մայր Հայաստանի հետ վերամիավորման հարցը: Ղարաբաղյան շարժման այդ ռոմանտիկ շրջանում որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ ի պատասխան արցախցիների խաղաղ ցույցերի, որոնց սկզբում մասնակցում էին անգամ տեղի ադրբեջանցիները, Ադրբեջանը արյուն կթափի …
Ղարաղաբյան շարժման երրորդ օրը Ստեփանակերտում ծնվեց «Վերադարձիր» երգը, որի հեղինակն էր երգահան Իրինա Փիրումյանը: Այնուհետև այս երգը սկսեց լսվել բոլոր տներից, բոլոր պատշգամբներից… մարդիկ լսում էին և երազում այն մասին, որ Կենտրոնը (Մոսկվան) կընդունի արդար որոշում` մայր Հայաստանի գիրկը վերադարձնելով Արցախը: