Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին ՌԴ Պետական դումայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Ինչպես նշվում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում, միջոցառմանն Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով.
«Սիրելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
ողջունում եմ ցուցահանդեսի բացումը, որը խորհրդանշական խորագիր ունի՝ «Միասին»:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար:
Մենք դարեր շարունակ միասին ենք: Անցյալ տարի Հայաստանը և Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նոր շրջափուլ մեր ժողովուրդների փառավոր պատմության մեջ: 300 տարի առաջ հիմնադրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմը՝ հոգևոր կենտրոնը Ռուսաստանի հայերի, որոնք հավատարմորեն ծառայում են իրենց նոր հայրենիքին՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:
Վերջին քառորդ դարում հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են՝ հասնելով դաշնակցայինի, որը բավարարում է մեր ժողովուրդների կենսական շահերը և ձգտումները:
Մեր երկրների միջպետական հարաբերությունների անկյունաքարն է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի քսանամյակը նույնպես նշել ենք հոբելյանական 2017 թվականին:
Սիրելի բարեկամներ,
«Միասին» ցուցահանդեսում ընդգրկված են այնպիսի ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ՝ տեղեկատվական ու նորարարական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և գինեգործությունը, սննդարդյունաբերությունը, զբոսաշրջությունը և այլն: Ներկայացված են թե՛ ընկերություններ, որոնք լավ հայտնի են ռուսաստանյան սպառողին, թե՛ այնպիսիները, որոնք դեռ նոր պետք է իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնեն ռուսական շուկայում:
Ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա հարստացնել մեր երկկողմ համագործակցությունը, բացահայտել նոր հեռանկարներ՝ փոխադարձաբար միավորելով մեր տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ներուժը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հետաքրքիր ցուցահանդեսի կազմակերպմանը:
Բարի գալուստ ցուցահանդես, հուսով եմ՝ բոլորդ հետաքրքրված կլինեք»:
Նշենք, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: