Ռուս լրագրող, Պետդումայի նախկին պատգամավոր, իսկ այժմ Ռոսգվադիայի տնօրենի խորհրդական Ալեքսանդր Հենշտեյնը ներկայացրել է իր «Ատլանտիդայի ավարտը: Ինչու Պուտինը երբեք չի դառնա Գորբաչով» գիրքը, որում վերլուծել է ԽՍՀՄ փլուզման պատճառները և փորձել է պատկերացնել Պուտինին ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովի փոխարեն, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:
Լրագրողը նշել է, որ հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական հակամարտությունների մեծամասնության՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջացման պատճառը խորհրդային իշխանությունների անհեռատեսությունն է:
«80-ականների վերջին բոլոր «թեժ կետերը» ստալինյան քաղաքականության սխալ հաշվարկների հետևանք են, երբ որևէ մեկը չէր մտածում բացասական հետևանքների մասին: Այդպես էլ առաջացավ Ղարաբաղի խնդիրը, երբ քրիստոնյա հայերով բնակեցված տարածքը միացվեց մուսուլման Ադրբեջանին»,- ասել է Ալեքսանդր Հենշտեյնը:
Նա նշել է նաև, որ 1991թ. ԽՍՀՄ-ը կազմալուծվեց արհեստական սահմաններով՝ առանց հաշվի առնելու պատմական հանգամանքները: