Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյին՝ պատասխանելով մի շարք հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին ու դրա հնարավոր ազդեցությանը կարգավորման գործընթացի վրա։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին վերաբերող հարցին ի պատասխան ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նախ և առաջ անհրաժեշտ է ստեղծել զինադադարի պահպանման վերահսկման մեխանիզմներ՝ բացառելու ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը և կողմերի միջև ձևավորել վստահության մթնոլորտ, ինչը պայմաններ կստեղծի քաղաքական հարցերի քննարկման համար։
Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը ադրբեջանական պատմական հող կոչելու և այնտեղ վերադառնալը ռազմավարական նպատակ ներկայացնելու մասին վերջերս հնչեցրած հայտարարությանը վերաբերող հարցին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ պետք է լուրջ վերաբերվել նմանատիպ հայտարարություններին։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ հզորացնելով Արցախը՝ մենք զսպում ենք Ադրբեջանին, դրանով իսկ լուծելով համահայկական նշանակության խնդիր։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: