ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում փետրվարի 19-ին կազմակերպվեց գրքահավաք: Հրապարակում տեղադրված էր գրքի տաղավար (BookBank), որտեղ էլ հենց հավաքվում էր գրքի այն պաշարը, որը նվիրաբերվելու է Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանին: Աննախադեպ միջոցառմանը ներկա էին ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱԺ պատգամավորներ և հատուկ հյուրեր՝ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը:
Նախարար Սերգեյ Շահվերդյանը ողջունեց երևույթը՝ հույս հայտնելով , որ նախաձեռնությունը կընդունվի հասարակության կողմից ու այդպիսով հիմք կդրվի գրքի մասսայականացման նոր ու գեղեցիկ ավանդույթի:
Գրքի Բանկի բացումը կատարեց Նազենի Հովհաննիսյանը՝ կատարելով առաջին "ներդրումը": Հաջորդ րոպեներին Գրքի Բանկն սկսեց արագ հարստանալ՝ ներկաների նվիրաբերած գրքերի շնորհիվ, hաղորդում է ՄԵՀԶ մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքի միջնակարգ դպրոցի գրադարանին կարող եք նվիրել գրքեր մինչև մարտի1 –ը՝ թողնելով ձեր գրքերը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրված Գրքի Բանկում: