Թուրքիայի 17 քաղաքացի փախել է Հունաստան:
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Reuters-ին, մի խումբ թուրքեր հայտնաբերվել են Թուրքիայի արևմտյան ափերից քիչ հեռու գտնվող Օյնուս կղզու ափին՝ հունական Հիոս կղզու հարևանությամբ, որը հազարավոր փախստականների և միգրանտների համար դարպաս է դարձել դեպի Եվրոպա:
SkyTV-ի տվյալներով՝ նրանց թվում 7 տղամարդ, 4 կին և 6 երեխա կա: Փախստականները հիմնականում ուսուցիչներ են, որոնք վախենում են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո քաղաքական բռնաճնշումներից: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ 17 թուրքերի թվում դատավորներ ու քաղաքացիական ծառայողներ կան:
Հունաստանի ափամերձ պահակախմբի ներկայացուցիչը հայտնել է, որ մոտ օրերին թուրքերը կտեղափոխվեն Աթենք: Հունաստանի իշխանությունները չեն հայտնել՝ արդյոք նրանք քաղաքական ապաստան են խնդրել, թե՞ ոչ: