Փետրվարի 20-ին Մոսկվայում մեկնարկել է «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի շրջանակներում երեք մրցաշար է անցկացվում, հաղորդում է ՀԱՕԿ-ը:
Գլխավոր A մրցաշարում (մասնակցում են 2549 և ավելի վարկանիշ ունեցող շախմատիստները) հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:
Առաջին տուրում արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սևերով ջախջախել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաուֆ Մամեդովին: Մամեդովի վարկանիշը 140 կետով գերազանցում է Մանուելի վարկանիշին:
Հաղթանակով են մեկնարկել նաեւ Տիգրան Պետրոսյանը և Արման Միքայելյանը: Ոչ-ոքի են խաղացել Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն է կրել միայն Շանթ Սարգսյանը:
B և C մրցաշարերում ընդհանուր առմամբ հանդես է գալիս Հայաստանի ութ ներկայացուցիչ: