ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի համատեղ նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N3 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Ոսկե բանալի» խորագրով քաղաքային գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան, հայտնում է Artsakhpress-ը:
Միջոցառմանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը ողջունել է ներկաներին.
«Այսօր ամբողջ աշխարհում նշվում է մայրենիի օրը. բոլոր ազգերն էլ իրենց մայրենին շատ են սիրում: Ինչ-որ տեղ գուցե սխալ է, որ տարվա մեջ մեկ անգամ ենք հիշում մայրենի լեզվի օրը, բայց մենք պետք է միշտ փառաբանենք, մեծարենք ու սիրենք մեր մայրենին և երբեք ու ոչ մի անգամ այն չաղավաղենք: Պետք է ապրենք ու շնչենք մեր մայրենիով: Մեր ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված է լեզվով և մենք էլ այն պետք է փայփայենք, պահպանենք, հնչեցնենք և միշտ արժևորենք»,-մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը:
Ցերեկույթին դպրոցի աշակերտները և ուսուցիչները հանդես են եկել մայրենի լեզվին նվիրված ասույթներով, բանաստեղծություններով, երգերով, ազգային պարերով: