Թուրքիայում «ցնցված» են. բազմաթիվ թուրքեր բացահայտել են, որ հայկական արմատներ ունեն
Թուրքիայի պետական ծառայությունները նոր հարթակ են գործարկել, որի միջոցով Թուրքիայի քաղաքացիները կարող են ստուգել, թե ովքեր են եղել իրենց նախնիները՝ պարզապես մուտքագրելով անունը, ազգանունը և ծննդյան տարեթիվը։
«Մի քանի ժամվա ընթացքում հարթակ են մուտք գործել հազարավոր մարդիկ: Նրանցից շատերը ցնցող գրություններ են հրապարակել սոցիալական ցանցերում այն մասին, որ ըստ Թուրքիայի պետական արխիվների տվյալների հիման վրա գործող նոր պորտալի, իրենց նախնիները հայերն են եղել, այլ ոչ թե թուրքերը»,- հայտնում է թուրքական T24.com.tr պարբերականը, փոխանցում է РУСАРМИНФО-ն։
Նշվում է, որ համակարգի շնորհիվ բացահայտվել է, որ բազմաթիվ հայտնի լրագրողներ, գրողներ, քաղաքական գործիչներ և նույնիսկ Թուրքիայի մոլի ազգայնականներ արմատներով հայեր են։
Հաղորդվում է նաև, որ մեկնարկից մի քանի ժամ անց հարթակ մուտք գործելն անմիջապես արգելվել է, իսկ վերսկսելուց հետո բազմաթիվ հայտնի պետական և քաղաքական գործիչների մասին տեղեկություններն անհասանելի են դարձել: