Հովհաննես Այվազովսկու հոբելյանին նվիրված «Արարում» ցուցահանդեսը ռեկորդային թվով այցելուներ է ունեցել

15:31     26 փետրվարի, 2018

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որն անցկացվել է սեպտեմբերի 14-ից փետրվարի 15-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, այցելուների թվի ռեկորդ է սահմանել:

56 000 արվեստասեր գնացել է տեսնելու Այվազովսկու հրաշալի կտավները: «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսին 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, մեկ դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ են ներկայացվել: Ցուցադրվել է նաև «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ 

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն «Արցախպրեսի» հետ զրույցում նշել է, որ ցուցադրությունն աննախադեպ է եղել:

«Չգիտեմ` կհաջողվի՞ կրկնել կամ գերազանցել մեր ռեկորդը, բայց մենք միանշանակորեն ցույց տվեցինք, որ հնարավոր է մինիմալ ներդրումների պարագայում անգամ լավ, հնչեղ, գեղեցիկ և եկամտաբեր ցուցահանդես իրականացնել: Այս ցուցահանդեսով մենք ցույց տվեցինք, որ մշակութային դաշտը փոփոխվել է: Մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ, քանի որ հաղթողից միշտ ավելին են սպասում»,- նշել է Ծատուրյանը:

 


© armedia.am