Փետրվարի 27-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին թեստային չվերթ կատարեց Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքը: Էլեկտրագնացքը գնվել է վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Այս մասին տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պաշտոնական էջից։
Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:
Մարտի 4-ին և 8 – 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ:
ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: