Եգիպտոսի խորհրդարանի Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնախմբի նախագահի տեղակալ Յահիա Քիտվանին և Արտաքին հարաբերությունների հանձնախմբի քարտուղար Թարեք Խուլին կրկին արծարծել են 1915 թվականի հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Horizonweekly-ին:
Երկու պատգամավորները վկայակոչել են Նիդերլանդների խորհրդարանի օրինակը և Եգիպտոսի խորհրդարանից պահանջել են նմանօրինակ որոշում: Ըստ Քիտվանի՝ անհրաժեշտ է նման քայլ ձեռնարկել հակադարձելու համար Թուրքիայի շարունակվող ոտնձգություններին: Նա ավելացրել է, որ Հայոց կոտորածները պատմական իրողություն են, և բոլորն էլ պարտավոր են հստակ դիրքորոշում ունենալ:
Իր հերթին, Թարեք Խուլին լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Եգիպտոսը պատմության ականատեսն է՝ ապաստան տալով հայերին: «Ջարդերը վերապրածների թոռներն ապրում են մեզ հետ, հետևաբար Օսմանյան պետությունը վերակենդանացնելու ծրագրերը պետք է բացահայտել և փշրել Թուրքիայի հետապնդած ծավալապաշտական երազները»,-ասել է նա: