Այսօր՝ մարտի 1-ին, Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին: Նման մտադրության մասին ՀՀ նախագահը հայտարարել էր դեռևս 2017թ-ի սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ բարձր ամբիոնից՝ նշելով, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացում որևէ դրական տեղաշարժի բացակայության պարագայում Հայաստանը 2018թ-ի գարուն կթևակոխի առանց արձանագրությունների:
Այսօր հայկական կողմը Թուրքիայի համար հստակ դարձրեց, որ հայ-թուրքական կարգավորման առկախված գործընթացը չի կարող հավերժ ձգվել և խաղաքարտ դառնալ այդ երկրի իշխանությունների ձեռքերում: Չնայած՝ 2009թ.-ին Թուրքիան Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել էր առանց նախապայմանների, կարճ ժամանակ անց պաշտոնական Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նորից սկսեց կապել Ղարաբաղյան հակամարտության հետ: Կարգավորման գործընթացի տրամաբանության նման խախտումը, բնականաբար, անընդունելի էր հայկական կողմի և անհասկանալի՝ միջազգային հանրության համար, ինչն էլ հստակ արտահայտվախ էր նրանց հայտարարություններում: Ըստ էության նույն միձազգային հանրության համար ակնհայտ և միանշանակ դարձավ, որ հենց թուրքական իշխանությունները չունեն բավական կամք և ցանկություն՝ գնալ հարաբերությունների կարգավորման:
Պետք է նշել, որ 2008թ-ին Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունն» ու Ցյուրիխյան գործընթացը բավականին լավ հաշվարկված էր՝ հաշվի առնող բոլոր նրբությունները, հնարավոր ռիսկերն, ինչպես նաև հնարավորությունները, այլ կերպ ասած՝ «ֆուտբոլային դիվանագիտություն»՝ հայկական կանոններով: Բացի Թուրքիայի հետ առաջացող հնարավոր բարդություններից, ակնհայտ էր, որ այդ նախաձեռնությունը կարող էր առաջացնել նաև հայության որոշ հատվածի դժգոհությունը, ինչը մեղմելու համար նախագահ Սարգսյանը կազմակերպեց համահայկական այց: Նման աննախադեպ քայլն, ըստ էության, իրեն արդարացրեց՝ որոշակիորեն մեղմելով նախաձեռնության նկատմամբ առկա բացասական ֆոնը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա հայկական կողմը գիտակցում էր, որ Ցյուրիխյան գործընթացը կամ հանգեցնելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը, կամ ընդգծելու էր Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը՝ բոլորի համար հստակ դարձնելով, թե ով է մեղավոր կողմը: Պետք է փաստել, Ցյուրիխյան այս ողջ գործընթացում հայկական կողմի դրսևորած կամքն ու կառուցողականությունն իսկապես ցույց տվեցին աշխարհին, որ ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիայի ներկայիս իշխանությունները պատրաստ չեն բացել Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը:
Այսպիսով, Հայաստանը վերջակետ դրեց դեռ 2008թ.-ին մեկնարկած գործընթացին՝ միևնույն ժամանակ թողնելով հաշտեցման բաց պատուհան: Մյունխենի անվտանգության համաժողովին ունեցած ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Թուրքիան ցանկություն ունի կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, ապա նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: