Ահա և գարունը... Եկել է իր հետ բերելով ժպիտ, սեր ու քնքշանք: Գարունը սեր է: Գարունը հոգու երգ է: Գարունն այն եղանակն է, երբ բնության զարթոնքի հետ միասին մեր հոգիներն էլ նորովի են ծլարձակում: Գարնան գալստով, մարդն էլ ամենայն խանդավառությամբ քայլում է դեպի ցանկալի կյանք: Գարունն այն եղանակն է, որ յուրաքանչյուր մարդու մղում է խորհելու բնության հրաշալիքների ու գեղեցկությունների մասին:
Սակայն, գարնան գալը բացի հաճելի զգացողություններից իր հետ բերում է նաև տրամադրության փոփոխություններ, ֆիզիկական թուլության, տագնապի զգացումներ: Որո՞նք են այս ամենի պատճառները: Այս և հուզող այլ հարցերի պատասխանն «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է պարզել հոգեբան Էլպիդա Բաբայանի հետ:
-Տիկի՛ն Բաբայան, գարնան գալուստը որևէ կերպ ազդու՞մ է մարդկանց տրամադրության, հոգեվիճակի վրա:
- Նախ շնորհավորում եմ Ձեր ընթերցողների գարնանամուտը, թող այն բերի գեղեցիկ հույզեր և ակնթարթներ, չէ՞ որ կյանքը հենց դրանցից է կազմված։ Գարնան այդքան սպասված գալուստը միանշանակ ազդում է մեր տրամադրության, հոգեվիճակի և առհասարակ ֆիզիկական ինքնազգացողության վրա: Բնության զարթոնքի հետ մեկտեղ կարծես մարդիկ ևս արթնանում, կենդանանում են, բայց դրա հետ միասին առաջանում է թուլության, կուտակված հոգնածության զգացում: Դա տևական ձմեռվանից հետո մեր օրգանիզմի օրինաչափ արձագանքն է, և չնայած դրան՝ մեր օրգանիզմը մեզ գարնանն առանց արկածների չի թողնում՝ մի ծայրահեղությունից մյուսն է գցում: Ծանր դեպրեսիվ վիճակից հետո միանգամից կարող է առաջանալ էյֆորիայի զգացում, և մեզ թվա, որ ամենքին և ամեն բան սիրում ենք: Շատ մասնագետներ պնդում են, որ սեզոնային դեպրեսիա կոչվածը դա լոկ հորինված մի երևույթ է, բայց մեզանում, մեր առօրյա կյանքում, այսպես թե այնպես, բախվում ենք այդ իրականությանը: Առաջանում է անհիմն անհանգստության զգացում, տագնապայնություն, նյարդային գրգռվածություն, ցածր ինքնագնահատական, աշխատունակության անկում, խրոնիկ հոգնածության զգացում:
Սրանք ամբողջովին օրինաչափ երևույթներ են, եթե հաշվի առնենք, որ ձմռանը վատնել ենք մեր բոլոր վիտամինային ռեսուրսները: Բացի այդ, հետզհետե բարձրացող ջերմաստիճանը և երկարող օրը ազդում են մեր կենսաբանական ռիթմերի և հորմոնային համակարգի վրա, հատկապես ակտիվանում են սեռական հորմոնները` առաջացնելով բազմանալու հստակ ցանկություն: Ահա թե ինչու է գարունը համարվում խենթ արարքների և ակտիվ շփումների ժամանակաշրջան:
Այնպես որ պատրաստվեք գարնանահորմոնային ցնցումներին առանց հումորի զգացումը կորցնելու, մտքում վառ պահեք այն պարզ գիտակցումը, որ յուրաքանչյուր վայրիվերում բնության կատակ է, որն ի դեպ, հավերժ չէ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին նման փոփոխությունների հետ կապված:
- Որպես խորհուրդ՝ կարող եմ ասել հետևյալը՝ հաճախ եղեք դրսում, մաքուր օդն ամենանպաստավոր բանն է այս շրջանում, հատկապես օրվա լուսավոր ժամերին: Ավելացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, լավագույն տարբերակը ոտքով քայլելն է: Շրջապատեք Ձեզ վառ գույներով, կենսուրախ մարդկանցով, փորձեք նկատել ամեն ծիլ ու ծաղիկ, և ձեր արձակած յուրաքանչյուր դրական հույզ անպայման հետ կվերադառնա՝ իր հետ բերելով իր նման մի քանի հյուրերի: