Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի թելադրությամբ, Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանն օրերս այցելել է Դեր Զոր՝ մոտիկից տեղեկանալու Դեր Զորի Նահատակաց եկեղեցու և համալիրի կրած վնասներին, հայտնում է News.am-ը։
Առաջնորդ սրբազանն ազգային իշխանության ներկայացուցիչների հետ նախ այցելել է Դեր Զորի նահանգապետին և նրան փոխանցել Նորին Սրբության ողջույնները, ապա այցելել է Սրբոց Նահատակաց համալիր։ Վերադարձին, առաջնորդ սրբազանը զեկուցել է Վեհափառ Հայրապետին իր կատարած այցելության մանրամասների մասին։
Նշենք, որ Վեհափառ Հայրապետը, Սիրիայի և հատկապես Դեր Զորի շրջանում անվտանգության կայունացումից հետո անմիջապես կոչ է ուղղելու մեր ժողովրդին, որպեսզի համազգային ճիգով վերանորոգենք ցեղասպան Թուրքիայի կողմից հերթական անգամ քանդված մեր նահատակների սրբազան տաճարը։