Հայաստանը ներկայում բանակցում է Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի և Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը, փոխանցում է «Արմենպրեսը»:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն այս ծրագրի անկյունաքարերից է։ Այն միտված է բեռների միջազգային փոխադրման և տարանցման դյուրացմանը, դրանց կառավարող ընթացակարգերի պարզեցմանը, մոտարկմանը և ստանդարտացմանը, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, ճանապարհային անվտանգության պայմանների բարելավմանը և այլ երկրներից բեռների տարանցման ներգրավմանը։
«Ծրագիրը կնպաստի ՀՀ փոխադրողների համար ցամաքային և ծովային փոխադրումներն օգտագործելու միջոցով դեպի միջազգային շուկաներ պարզեցված ընթացակարգով մուտք գործելուն։ Ծրագիրը հնարավորություն կտա նաև արագացնել և դյուրացնել արագ փչացող բեռների տարանցումը համապատասխան համաձայնագրի պայմանավորող կողմ հանդիսացող պետությունների սահմանները հատելիս»,-ասել է Սամվել Ամիրխանյանը։
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ծրագրով նախատեսվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված տուրքեր և վճարներ։