Մարտի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան ` Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման և արդեն իրագործվող համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման հնարավորությունները:
Բարձր գնահատելով Մեծ Բրիտանիայի հետ առկա համագործակցությունը և դրա խորացումը նաև Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում՝ ԱԻ նախարարը շեշտեց քաղաքացիական պաշտպանության, բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ ուսումնավարժանքների իրականացման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական անձնակազմի ուսուցման և վերապատրաստման կարևորությունը:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նաև մշակել և գործարկել արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ ծրագիր:
Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը Մեծ Բրիտանիայի պատվիրակներին առաջարկեց ակտիվորեն ներգրավվել այս տարի Հայաստանում իրականացվող արտակարգ իրավիճակների ոլորտին նվիրված համապետական և միջազգային մի շարք միջոցառումների. ինչպիսիք են՝ հունիս ամսին Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքները և դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները (համապետական վարժանք, Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ):