ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ շուտով արվեստասեր հանրությանը կներկայացվի Կիլիկիո թագավորության զարթոնքի, Լևոն երկրորդի թագադրման մասին պատմող մի նախագիծ, որը հագեցած է տեսողական էֆեկտներով: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Սա վիզուալ ֆիլմի թերևս առաջին տարբերակն է Հայաստանում: Այն արվել է բիզնես մոդելով, որը կոչվում է աուդիովիզուալ քաղաքի ստեղծում: Դա բավականին հետաքրքիր բիզնես նախագիծ է կինոարտադրության ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է նախարարը:
Նա նաև նշել է, որ ցանկանում են Հայաստանում վիզուալ էֆեկտների և անիմացիայի կենտրոն ստեղծել, վիզուալ քաղաք, որտեղ կհամախմբվեն այն ընկերությունները, որոնք այսօր արդեն հոլիվուդյան, եվրոպական ֆիլմերի համար վիզուալ էֆեկտներ են պատրաստում:
«Վիզուալ էֆեկտներ կան շատ ֆիլմերում, բայց չեք պատկերացնում, որ այդ ամենը հենց Հայաստանում է արվել: Մեր նպատակը վերոնշյալ կենտրոնի միջոցով դրանք մի տեղ հավաքելը, միասնական աշխարհին ներկայանալը, արտասահմանյան պատվերներ ընդունելը և դրանք Հայաստանում իրականացնելն է»,-եզրափակել է Ամիրյանը: