Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հորդորել է երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փոքր-ինչ լուռ մնալ և շատ չխոսել, հայտանում է «Արմենպրես»-ը: Նշենք, որ Մերալ Աքշեները համարվում է 2019 թվականին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական հակառակորդը:
Ստամբուլում կուսակցության կին անդամների հետ հանդիպմանը Աքշեները դիմել է Էրդողանին՝ ասելով. «Ընկեր, մի փոքր լռիր: Ժամանակ հատկացրու ընտանիքիդ, փոքր-ինչ նստիր տանդ: Պետք չէ, որ ամեն հարցով խոսես, մատ թափ տաս: Մի փոքր հանգստացի տանդ, շունչ առ, մենք էլ շունչ առնենք, Թուրքիան էլ»:
Նա մեղադրել է Էրդողանին հասարակության առաջ հոխորտալու, ԱՄՆ-ին «օսմանյան ապտակ» հասցնելու վերաբերյալ սպառնալիքներ հնչեցնելու մեջ, մինչդեռ երբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանեց Անկարա, նախագահը բավարարվեց նրա հետ միայն գաղտնի խոսակցություններ վարելով: