Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կբացի Զաբել Եսայանի անվան ծառուղին: Զապել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Այս մասին հայտնում է 1in.am-ը:
Ծառուղու բացման արարողությանը ներկա են գտնվելու նաև Ֆրանկոֆոնիայի և միջազգային համագործակցության հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլուգմանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ և 11-րդ թաղամասների ղեկավարներ Ֆրեդերիկ Կալանդրան և Ֆրանսուա Վոլինը: Ծառուղին տեղակայված է Մենիլմոնտան պողոտայի սկզբնամասում, որտեղ ավարտվում են Թլեմքեն և Սպինոզա փողոցները և մեկնարկում է Հանրապետության պողոտան:
Նշենք, որ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի գործած վայրագությունների մասին Զապելը բազմիցս է գրել։ Նա նաև զեկույց է պատրաստել, որում մոտ 200 կանանց ու երեխաների առևանգման ու ոչնչացման մասին կարևոր փաստեր է ներկայացրել։ 2017 թվականին ամերիկյան Refinery29 հարթակի վարկածով` Եսայանը ներառվել է աշխարհի ամենաքաջ կանանց ցուցակում։ 2017 մարտին փարիզյան փողոցներից մեկն անվանակոչվել է Զապելի անունով։