Թբիլիսիում ուժեղ քամու հետևանքով 54 տուն է վնասվել, ծառեր են տապալվել, ինչպես նաև վնասվել են ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում կատարելով արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Facebook-յան էջին։
Ծառայության տվյալներով` քամու հետևանքով Թբիլիսիում մարտի 9-ին 5 ժամվա ընթացքում 68 ծառ է վնասվել, 7 լուսատու, 6 ավտոմեքենա, 6 գովազդային վահանակ և 5 գազախողովակ։
Քամուց տուժել են նաև շրջանների բնակիչները։ Շիդա Քարթլիում և Աջարիայում վնասվել են տների տանիքները: Իմերեթի մարզում Սաջավախո գյուղում անձրևի հետևանքով սողանքներ են եղել, և փլուզվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը։ Մարտվիլի քաղաքում գետը դուրս է եկել ափերից և ջրով պատել մոտակա տարածքը:
Մցխեթ-Մթիանետի մարզում նույնպես ջրհեղեղ է եղել. Քուռ գետը դուրս է եկել ափերից և վնասել ափամերձ բնակելի տներից մեկը։
Նշված ժամանակահատվածում 112 ծառայություն 254 ահազանգ է ստացվել, որոնցից 166-ը` Թբիլիսիից։
Նշվում է, որ Թբիլիսիի քաղաքապետարանն ավելի վաղ կոչ էր արել բնակիչներին զգույշ լինել և ուժեղ քամու դեպքում ծառերի և թեթև շինությունների մոտ չկանգնել։
Քամին չի դադարի նաև այսօրվա ընթացքում։