Անցած երեկո տեղացած հորդառատ անձրևների պատճառով Վենետիկի պատմական կենտրոնի տարածքի 28 տոկոսը հեղեղվել է: Այս մասին հայտարարել է Վենետիկի քաղաքապետարանը՝ ընդգծելով, որ վնասներ և որևէ աղետալի հետևանքների այն չի հարուցել:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Ալեսանդրո Բերտազին հայտարարել է, որ քաղաքում ջրի մակարդակը բարձրացել է 119 սանտիմետրով, այնուհետև սկսել է իջնել: «Մեզ համար նման երևույթները հազվադեպ չեն, սակայն տարօրինակ է, որ այն տեղի ունեցավ մարտին»,- նշել է Բերտազին:
Ըստ նրա՝ երկուշաբթի երեկոյան ևս սպասվում է ջրի մակարդակի բարձրացում:
Վենետիկի քաղաքապետարանը կիրակի օրը հաղորդագրությունների միջոցով քաղաքացիներին իրազեկել էր հեղեղումների հավանականության «նարնջագույն» աստիճանի մասին: