Միացյալ նահանգները հաստատեց ալյումինի և պողպատի ներկրման նկատմամբ մաքսատուրքերի խստացման մասին որոշումը: Ըստ այդ որոշման՝ ԱՄՆ ներկրվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը կավելանան համապատասխանաբար 10% և 25%-ով:
Նշենք, որ Թրամփի այդ որոշումից առավելապես կտուժի ԵՄ համախառն տնտեսությունը, քանի որ, պաշտոնական տվյալներով՝ դեպի ԱՄՆ վերոնշյալ մետաղների արտահանման կասեցումը վերջիններիս ավելցուկի առաջ կկանգնեցի եվրոպական երկրները:
Պետք է նշել, որ Թրամփի հայտնի հովանավորչական քաղաքականության շրջանակներում ձեռնարկված հերթական քայլը որոշակի բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև ԱՄՆ տնտեսության համար: Բանն այն է, որ նույն ալյումինի և պողպատի, ինչպես նաև ցանկացած այլ տիպի արտադրության կազմակերպումն ԱՄՆ-ում, ինչին, ըստ էության ձգտում է Թրամփը, շատ ավելի թանկ կարժենա ԱՄՆ քաղաքացու համար, քան այդ ապրանքների ներմուծումը: Այսինքն՝ ամերիկյան արտադրության ապրանքը պակաս մրցունակ կլինի անգամ սեփական երկրում: Հավանաբար հենց սա է հիմնական պապտճառներից մեկը, որ վերջին որոշման մասին հայտնելով՝ Թրամփն, այնուամենայնիվ, քննարկումների պատուհան է թողել այն երկրների համար, որոնք «պատրաստ են հարգել ԱՄՆ շահերը»:
Եվրամիությունն իր հերթին արձագանքել է թե՛ մաքսատուրքերի բարձրացմանն առնչվող որոշմանը, թե՝ քննարկումների հնարավորությանը: Ընդ որում, Եվրամիության հակարդարձ քայլերն, ըստ առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի, կլինեն երեք մակարդակներում: Առաջին հերթին, Եվրամիությունն այլ երկրների հետ միասին Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) հայց կձևակերպի, երկրորդ հերթին, բարձրացվող մաքսատուրքերց եվրոպական շուկայում ալյումինի և պողպատի ավելցուկի իրացման համար արտակարգ միջոցառումներ կձեռնարկի և վերջապես երրորդ՝ արդեն իսկ մշակվում է ամերիկյան ապրանքատեսակների ցանկ, որոնց նկատմամբ ԵՄ պատասխան մաքսային խստացված քաղաքականություն կորդեգրի: Ընդ որում, ցանկն առայժմ բաց է՝ պատրաստ ընդլայնվելու եվրոպական գործարար հատվածի առաջարկներով:
Ինչպես երևում է, դրությունն իսկապես լարված է, սակայն ոչ այնքան վտանգավոր, ինչպես ենթադրվում է տնտեսական բևեռների միջև տնտեսական լարվածության առկայության պարագայում, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկայում սպասվում են ստեղծված իրավիճակի շուրջ ԵՄ և ԱՄՆ առևտրի նախարարների բանակցությունները: Ինչպես թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ն պատրաստ է վերանայել իր որոշումը, եթե ԵՄ կողմից ամերիկյան ապրանքների նկատմամբ իջեցվեն բարձր մաքսատուրքերը:
Իրավիճակ, երբ մի փոքր անհասկանալի է՝ ով է լարվածությունը սկսողն, ով՝ հակադարձողը:
Ստեղծված իրավիճակը բնորոշել որպես տնտեսական պատերազմ, գոնե առայժմ սխալ կլինի: Սա իրականում նմանվում է միջպետական խոշոր սակարկություն, որի գործիքները պետական որոշումներն են՝ գերհապճեպ և գերթափանցիկ: