Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհեթեթ է որակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է սանկցիաներ կիրառի Հայաստանի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի բացառապես Ադրբեջանի նկատմամբ այդ երկրի հանցագործ քաղաքականության պատճառով:
«Ադրբեջանը դեռևս 1988 թվականին հանցագործ քաղաքականություն իրականացրեց՝ կոտորելով Սումգայիթի հայ անմեղ ու անզեն բնակչությանը, իսկ երկու տարի անց նման կոտորած կազմակերպեց Բաքվում», - նշել է Շարմազանովը:
Նրա խոսքով՝ եթե այն ժամանակ քաղաքակիրթ աշխարհը պատժամիջոցներ մտցներ, գուցե, նման բան չլիներ: Շարմազանովը վստահեցրել է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անհանգստանալու որևէ առիթ չեն տալիս, քանի որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Արցախի հիմնահարցում հիմնված է բացառապես ստի վրա: