Ռուսաստանի նախագահական ընտրություններում ընտրատեղամասային հանձնաժոովների արձանագրությունների մշակված 99,75 տոկոսի ամփոփման արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների գրեթե 76,67 տոկոսը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԿԸՀ-ն:
Պուտինի օգտին է քվեարկել ավելի քան 55,403 մլն ռուսաստանցի: ԿԸՀ-ից ընդգծել են, որ գործող ղեկավարի արդյունքը ռեկորդային է հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ: Նախորդ ռեկորդը Դմիտրի Մեդվեդևն էր 2008 թ. ավելի քան 52 միլիոն ձայն:
Երկրորդ տեղում է ՌԴ Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը՝ ստացած ձայների 11,79 տոկոսով, երրորդ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (5,66 տոկոս):
ՌԴ ղեկավարին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են մի շարք համաշխարհային առաջնորդներ, որոնց թվում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, վարչապետ Անա Բռնաբիչը և այլոք: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, առայժմ ԵՄ և ԱՄՆ ղեկավարները դեռևս լռում են:
Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո նախընտրական քարոզարշավի կազմակերպման իր շտաբ կատարած այցի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ չի պատրաստվում իրականացնել սահմանադրական բարեփոխումներ: Կադրային որոշումների մասին նա խոստացել է հայտարարել երդմնակալության արարողությունից հետո:
Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել է, որ նախագահական ժամկետի աշխատանքի գերակա ուղղությունը կլինի ներքին օրակարգը: Ըստ նրա՝ հիմնական առաջնահերթությունը պետք է լինի Ռուսաստանի տնտեսության աճի ապահովումն ու այն նորարարական դարձնելը:
«Այս զարգացումը պետք է ապահովել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, արդյունաբերական արտադրությունը, ինչպես արդեն նշել եմ նաև ենթակառուցվածքները և այլ ոլորտները: Կարևոր է առաջ շարժվել և բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը», - ասել է Պուտինը:
Նշենք, որ ՌԴ նախագահական ընտրություններին ռեկորդային թվով դիտորդներ են մասնակցել, նրանց թիվը հասել է 1500-ի, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ընտրությունների հետ կապված կանխատեսումներ և մեկնաբանություններ են տվել մի շարք միջազգային և տեղական փորձագետներ: Արևմտյան գնահատականնրը, ինչպես և կարելի էր կանխատեսել, կրում են հիմնականում քննադատական բնույթ:
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ալեքսադր Վերշբաուն անդրադառնալով ՌԴ ընտրություններին ասել է. «Սա, իհարկե, դիմակահանդես է: Այս թեկնածուները զուտ ընտրություններին օրինականություն հաղորդելու համար են»:
Վաշինգտոնի փորձագետների կարծիքով, Ամերիկայում այնքան էլ հետքրքրված չէին ռուսաստանյան ընտրություններով, հատկապես, եթե համեմատենք ռուսների հետաքրքրությունը ամերիկյան ընտրություններին:
Մեկնաբանելով Պուտինի հաջորդ նախագահության ժամկետի հավանականությունը, ամերիկացի լրագրող և հետազոտող Դավիդ Սուտերը նշել է, որ միշտ դժվար է կանխատեսել Ռուսաստանի ապագա քայլերը. «Աանկանխատեսելի երկիր է: Ինչպես Մարքսն ասել է չի կարելի կանխատեսել երկու բան. ի՞նչ կլինի Ռուսաստանում, և ի՞նչ եղանակ է սպասվում վաղը»:
Բեռլինի Արևելյան Եվրոպայի և միջազգային հետազոտությունների կենտրոնի (ZOiS) տնօրեն Գվանդոլին Զասսեն ընդգծել է, որ Պուտինի վերընտրության մեջ ոչ ոք չէր կասկածում: Ըստ նրա միակ խնդիրը, որը բաց է եղել այս ընտրությունների ընթացքում, դա ժողովրդի մասնակցության հարցն էր: Նա նաև հիշեցրեց, որ Կրեմլն ընտրություններին 70 տոկոս մասնակցության հույս ուներ: Եվ նրանք գրեթե հասել են իրենց նպատակին:
Աստղագուշակ Պավել Գլոբան ևս անմասն չմնաց մեկնաբանություն տալուց: Նրա խոսքերով, նախագահը պետք է դառնա այն թեկնածուն, ում ժողովուրդը երկար ժամանակ ընտրված է համարում: