Թուրքիային զինված ուժերին և Սիրիական ազատ բանակի զինյալներին երկու ամիս տևած ռազմական գործողությունների արդյունքում հաջողվել է վերահսկողություն հաստատել Սիրիայի քրդաբնակ Աֆրին քաղաքի նկատմամբ: Այս մասին օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նշվում է, որ այժմ թուրքական զորքերը և նրա դաշնակիցները մաքրում են քաղաքի փողոցները Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների զինյալներից, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, իսկ արևմուտքը՝ դաշնակից ուժեր:
Սակայն, հարկ է նկատել, որ չնայած Արևմուտքի հետ դաշնակցությանը, Թուրքիայի կողմից Աֆրինի գրավումը, ինչպես որ քրդերի դեմ ռազմական գործողությունները, պատշաճ արձագանք չի ստացել միջազգային հանրության կողմից: Վերջինս լռում է նույնիսկ ռազմական գործողության մարդասիրական կողմի մասին. տեղի ակտիվիստների խոսքերով զոհվել է 280 խաղաղ բնակիչ, թուրքական գործողության արդյունքում միայն վերջին օրերին Աֆրինը լքել է ավելի քան 150 հազար մարդ:
Նշենք, որ Աֆրինի գրավումով Էրդողանը լուծում է երկու հիմնական խնդիր. նախ, ինչպես և խոստացել էր, Թուրքիայի սահմաններին մոտ այլևս չկա քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, երկրորդ՝ «թշնամի քրդերի» դեմ տարած հաղթանակով էրդողանը ներքաղաքական լուրջ դիվիդենդներ է ստանում:
Միջազգային նման անտարբերության և սեփական հասարակության շրջանում ունեցած աջակցության պայմաններում Էրդողանը դժվար սահմանափակվի միայն Աֆրինը գրավելով, ինչը հանդիսանում էր հունվարի 20-ին մեկնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության նպատակը: Ըստ ամենայնի, Էրդողանը կփորձի գրավել նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջը: Հաշվի առնելով ամերիկյան զորքերի առկայությունն այստեղ՝ Էրդողանը միգուցե ԱՄՆ հետ ուղիղ առճակատումից խուսափելու համար նման ակտիվ գործողությունների չդիմի ինչպես Աֆրինում էր, սակայն կփորձի «համոզել» ամերիկացիներին, որ Մանբիջը վերահսկեն առանց քրդերի:
Ինչ վերաբերում է այս ամենին քրդերի արձագանքին, պետք է նկատել, որ թուրքական վերահսկողությունն Աֆրինի նկատմամբ բավականին բարդ է լինելու ՝ հաշվի առնելով, որ տեղի գլխավորապես քուրդ բնակչությունը վերջինիս ընկալելու է որպես ագրեսոր: Քրդական ուժերն արդեն հայտարարել են, որ Թուրքիայի զինուժին և վերջինիս վարձկաններին Աֆրինում պարտիզանական սարսափ է սպասվում, և որ իրենք պատրաստվում են հետ վերադարձնել քաղաքը:ա