Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Միգրանտների և փախստականների համար ընդհանուր ռեժիմի ամրապնդումը. փաստերի վրա հիմնված արդյունավետ քաղաքական լուծումների անհրաժեշտությունը» թեմայով ելույթ է ունեցել, որը ներկայացվում է ստորև.
«Հարգելի նախագահող,
հարգելի գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,
նախևառաջ շնորհակալություն եմ հայտնում այս վեհաժողովի կազմակերպման համար:
Միգրացիայի և փախստականների հարցը բոլորիս հուզող խնդիր է, որը մեր երկրների օրակարգային առաջնահերթություններից է:
Աշխարհը մեկը մյուսի հետևից ցնցում են ճգնաժամերը: Միգրացիայի դրդապատճառները բազմազան են: Այն վերաբերում է ոչ միայն մարդկանց, ովքեր փնտրում են արժանապատիվ աշխատանք և ավելի լավ կենսապայմաններ, այլև այն մարդկանց, որոնք ստիպված են լինում լքել իրենց տները` անվտանգություն և ապահովություն գտնելու հույսով:
Առավել ցավալի է, երբ այս արհավիրքի պատճառ է դառնում պետության վարած քսենոֆոբ բնույթի քաղաքականությունը. երբ անհանդուրժողականություն և ատելություն է սերմանվում քաղաքացիների մեջ:
Մեզ՝ հայերիս քաջ հայտնի են նման քաղաքականության հետևանքները: Անցած դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունից փրկվելու համար միլիոնավոր հայեր լքել են իրենց հայրենիքն ու ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում:
Այսօր, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով ավելի քան 20.000 հայեր Սիրիայից ստիպված եղան գաղթել և ապաստան գտնել Հայաստանում: Մեր երկիրը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում՝ սիրիացի փախստականներ ընդունող երկրների շարքում: Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվել են բազմաթիվ միջոցառումներ փախստականների կեցության ապահովման և ինտեգրման համար: Սա զգալի թիվ է Հայաստանի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար, որը 20-րդ դարի վերջում հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել նաև Ադրբեջանից, որտեղ հայերը էթնիկ զտումների են ենթարկվել:
Միգրացիան աշխարհագրորեն սահմանափակված երևույթ չէ: Այն տարածվում է բոլոր մայրցամաքների վրա և վերածվում համընդհանուր մասշտաբներով ողբերգական իրավիճակի:
Առավել ցավալի է, որ այս խնդիրը վերաբերում է երեխաներին՝ ամենախոցելի խմբին, որոնք ենթարկվում են բռնության, բարոյական և հոգեբանական ագրեսիայի: Ամենից առաջ պետք է ապահովվեն երեխայի իրավունքները՝ ունենալ ընտանիք, ապրել առողջ և ապահով միջավայրում, ստանալ կրթություն:
Հարգելի գործընկերներ,
ինչպես ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ «մեր ընդհանուր պատասխանը պետք է արտահայտվի չորս գործողությամբ` ողջունել, պաշտպանել, նպաստել և ինտեգրել»:
Միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումներ փնտրելիս առաջին հերթին հարկավոր է անդրադառնալ դրանց պատճառներին: Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ահաբեկչության դեմ պայքարում և հակամարտություններին քաղաքական կարգավորումներ տալու գործում:
Ավելին, հարկավոր են երկարաժամկետ լուծումներ ապահովող ծրագրեր՝ ուղղված խոցված շրջանների զարգացմանը, ինչպես նաև միգրանտների և փախստականների կարգավիճակի ամրապնդմանը: Լավ մտածված ու մշակված քաղաքականությունը կխթանի միգրանտների ինտեգրումը հյուրընկալող հասարակություններում և կնպաստի յուրաքանչյուր անձի ակտիվ մասնակցությանն այդ երկրի զարգացման գործում:
Հայաստանը, հանդիսանալով քաղաքակիրթ հասարակության մաս, հանձնառու է շարունակել նպաստել համամարդկային արժեքների ամրապնդմանը, աշխարհում կայունության և անվտանգության ապահովմանը»: