Սիրիական կառավարությունն արդեն երկրորդ անգամ կոչ է արել Թուրքիային դուրս բերել իր զորքերը սիրիական Աֆրինից՝ հայտարարելով, որ նրա ներկայությունն այնտեղ հանդիսանում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սիրիական տարածքներում թուրքական զորքերի ներկայությունն այժմ արդարացված չէ, քանի որ Թուրքիան պնդում է, որ «վերացրել է» իր սահմանին սպառնացող վտանգը՝ Աֆրինում հաղթանակ տանելով ահաբեկիչների դեմ:
Չնայած Դամասկոսի կոչերին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր հարվածներ հասցնել «ահաբեկիչներին» Սիրիայի տարածքում: Էրդողանն Աֆրինի ազատագրումն անվանել է «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած գործողությունների հիմնական փուլ: Նրա խոսքով՝ այդ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր «ոչնչացվել է 3622 ահաբեկիչ»: Էրդողանն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Սիրիայի այլ շրջաններում ևս, այդ թվում՝ Այն ալ-Արաբում, Կամիշլիում, Թալ-Աբյադում և այլուր:
Խոսելով փախստականների մասին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ նրանք աստիճանաբար վերադառնում են իրենց տները:
Հարկ է նշել, որ Թուրքիան մտադիր չէ սահմանափակվել միայն Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելով: Էրդողանն արդեն հայտարարել է, որ չի բացառում նաև Իրաքում հակաահաբեկչական գործողություններ ծավալելու հավանականությունը: Նա նշել է, որ Թուրքիայի ռազմական ուժերը կարող են ցանկացած պահի գործողություններ սկսել իրաքյան Սինջարում՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության, որին, ի դեպ, Թուրքիան համարում է ահաբեկչական: Էրդողանը հայտնել է, որ Անկարան Բաղդադի հետ քննարկել է Իրաքի հյուսիսում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը: Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ եթե Բաղդադն ի զօրու չէ լուծել այդ հարցը, դա կանեն թուրքական զորքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ ռազմական գործողություններ իրականացնել Սինջարում՝ առանց Բաղդադի համաձայնության: Նա ընդգծել էր, որ Թուրքիան հարգում է Իրաքի ինքնիշխանությունը և չի ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է խախտել այն: Յըլդըրըմը նաև նշել էր, որ թուրքական և իրաքյան իշխանությունները դեռևս համաձայնության չեն հասել Իրաքի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում:
Իրաքի վարչապետ Հեյդալ ալ-Աբադին իր հերթին հայտարարել էր, որ Իրաքի կառավարական ուժերն ամբողջությամբ ազատել են պետության տարածքը և ունակ են ինքնուրույն դիմակայել տեղի զինյալներին: Նա դեմ էր արտահայտվել, որպեսզի Թուրքիան «անցնի իր լիազորությունների սահմանը»:
Չնայած Իրաքի վարչապետի այս հայտարարությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում իր երկրի զինված ուժերը կարող են առանց զգուշացնելու մտնել Սինջար: Ի պատասխան՝ Իրաքի Պաշտպանության նախարարությունը խոստացել էր, որ կպատասխանի ցանկացած ռազմական ներխուժման՝ նման գործողությունները դիտելով որպես «ոտնձգություն Իրաքի ինքնիշխանության, ռեժիմի, սահմանադրության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:
Ինչևէ, անձամբ հայտարարելով նախապես համաձայնություն ձեռք բերելու անհրաժեշտության մասին, Թուրքիան հերթական անգամ իրեն վերապահեց վերջնական որոշում կայացնողի դերը: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցամաքային հարձակում է սկսել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջարում:
Հիշեցնենք, որ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գրավել էին Սինջարը: Այն ժամանակ տեղի եզդիները ենթարկվեցին զանգվածային բռնաճնշումների: 2015 թվականի վերջին քաղաքը հնարավոր եղավ ազատագրել Քրդական բանվորական կուսակցության ուժերի օգնությամբ: