Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում բնակվող քուրդ ակտիվիստուհի և լրագրող Նուրջան Բայսալը թուրք-քրդական Ahval պարբերականում հրապարակել է ուշագրավ հոդված՝ «Թուրքիայի քրդերն ու հայերը՝ ինչպես թելն ու ասեղը» խորագրով, հաղորդում է Rusarminfo.ru-ն։
Հեղինակի խոսքով`Դիարբեքիրի բազմաթիվ վայրեր, որոնք կապ ունեն քաղաքի պատմության և դրա բնակիչների՝ հայերի և քրդերի հետ, համարյա ոչնչացվել են, ծածկվել թուրքական դրոշներով, հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի անհնար է մուտք գործել, իսկ բաց շուկաներում վաճառքի է հանվում այն ամենն, ինչ ժամանակին պատկանել է տեղի բնակիչներին:
«Ամեն ինչ հայտնվել է վաճառքում, այդ թվում՝ մեր պատմությունը: Ես հիշում եմ տատիկիս, որը մահացել է 104 տարեկան հասակում: Նա Հայոց ցեղասպանության ականատեսն է եղել: Հիշում եմ՝ ինչպես էր նա բալադներ երգում բոլոր հայ հարևանների համար: Երբ նա երգում էր, կրկին վերապրում էր այդ դեպքերը»,- գրում է հեղինակը:
Լրագրողն իր հոդվածում նշում է նաև, որ թուրքաբնակ քրդերի և հայերի ճակատագրերը մշտապես այնքան ամուր են միահյուսված եղել, որ ժողովուրդը նրանց հաճախ «թել ու ասեղ» էր անվանում:
Բայսալը կարծիք է հայտնել, որ երկու ազգերի համար եկել է հանուն սեփական պատմության փրկության ճակատագիրը փոխելու ժամանակը: