Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ Գերմանիայում բողոքի ցույցեր հրահրելու նախաձեռնությունը բացարձակապես անընդունելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման տեսակետ հայտնել է Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամ, Բունդեսթագի քրդական ծագում ունեցող պատգամավոր Էվրիմ Սոմմերը:
Նա ընդգծել է, որ առհասարակ պետք է մերժվեն օտարերկրյա կառավարությունների կողմից սեփական շահից դրդված փորձերը՝ ազդելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին քաղաքական որոշումների վրա: Սոմմերի համոզմամբ՝ Գերմանիայում գործող թուրքական ազգայնական Osmanen Germania Rocker խմբավորումն ակնհայտորեն դրսևորում է իրեն որպես թուրքական կառավարության ներկայացուցիչ:
«Լրատվամիջոցները հաղորդում են, որ փորձ է արվել այստեղ բնակվող թուրքական ծագում ունեցող անձանց շրջանում բողոքական տրամադրություններ հրահրել՝ կապված Բունդեսթագում այն բանաձևի ընդունման հետ, որը ճանաչում էր 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը՝ որպես ցեղասպանություն: Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը լավ ուսումնասիրված պատմական փաստ է, որն այսուհետ չպետք է հերքվի: Պատմական փաստերը պետք է ճանաչվեն, անգամ եթե դրանք հարցականի տակ են առնում պետության հիմնադրման միֆերը: Պետական ժխտողականության քաղաքականությունը պահպանում է գաղափարախոսական կյանքի սուտը, որի հիման վրա կառուցվել և մինչ այժմ հիմնված է Թուրքիայի Հանրապետությունը», - ընդգծել է Բունդեսթագի պատգամավորը: Նրա համար բացարձակապես անընդունելի է, որ Թուրքիան փորձում է Գերմանիային պարտադրել զանգվածային հանցագործությունները ժխտող իր իսկ պատմական դոկտրինը՝ այն հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել ազգ-պետություն գաղափարախոսության վրա կառուցված ժամանակակից Թուրքիայի հիմնադրումից թե՛ առաջ, թե՛ դրա ընթացքում: