Մարտի 30-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ երկու երկրները կապված են հազարամյակների խորքից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ - հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանում ամենանջերմ զգացումներն ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ու ցանկանում են հնարավորինս զարգացնել համակողմանի փոխգործակցությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում հայ - հունական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ։
Նախարարներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցությանը, բազմակողմ հարթակներում համագործակցության առավել սերտացմանը։
Հանդիպման օրակարգում է եղել հայ-հունական հարուստ իրավապայմանգրային դաշտի առավել ընդլայնումը։
Նախարար Նալբանդյանը Փանոս Կամենոսին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Հունաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները մերձավորարևելյան իրադարձությունների և բալկանյան զարգացումների շուրջ։