Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանն ընդգծում է Հայաստանը և Ֆրանսիան մշտապես ունեցել են զարգացող հարաբերություններ և շեշտում, որ հիմա փորձում են դրանք ավելի առաջ տանել: «Արմենպրես»-ի հաղորմդմաբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Հայաստան կժամանի նաև ֆրանկոֆոն գործարարների պատվիրակությունը:
«Մեզ համար կարևոր է տնտեսական չափումը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, երբ նախագահ Մակրոնը պետական այց կատարի Հայաստան, նրա հետ ժամանելու է նաև ֆրանկոֆոն գործարարների պատվիրակությունը: Իմ այցի նպատակներից է, որ նախապատրաստեմ նաև այդ այցը», - նշել է Ժան-Բատիստ Լեմուանը:
Նա նաև հավելել է, որ Հայաստան է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Ֆրանկոֆոնիային առնչվող հարցեր քննարկելու համար, մասնավորապես` կրթական և մշակութային ծրագրերի զարգացման առումով: