Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է «Արմենպրես»-ը:Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, որից հետո շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանության մասին վկայող նյութերին:
Ժան-Բատիստ Լեմուանը նաև գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում: «Հիշատակի ամրապնդման հետ կապված այս նշանակալի աշխատանքը հիացմունքի է արժանի: Մենք պատմության հետ կապված նման աշխատանքի կարիք ունենք: Ֆրանսիան և ֆրանսիացիները կապված են հայ ժողովրդի այս պատմության հետ, ժողովուրդ, որն արյունով է վճարել: Պատմության ուժեղ դասերից ելնելով՝ միասին գրենք մեր՝ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության նոր պատմությունը», - գրել է նա: