Մարտի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով` պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նանբանդյանը ջերմությամբ վերհիշել է անցյալ դեկտեմբերին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պետքարտուղար Լեմուանի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Բատիստ Լեմուանն իր հերթին ասել է, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ ընդգծելով, որ իր պատվիրակության այցն ունի բավականին հագեցած օրակարգ:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկել են հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, անդրադարձան գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին, ինչպես նաև նախատեսվող միջոցառումներին և քննարկումներին վերաբերող հարցերին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և ըստ հաստատված ժամանակացույցի՝ ՀՀ պետական բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՖՄԿ քարտուղարկության հետ սերտ համագործակցությամբ:
Հանդիպման օրակարգում էին նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ հայ-ֆրասնիական երկկողմ համագործակցությունը շարունակական և համակողմանի զարգացում է ապրում՝ նշանավորվելով բազմաթիվ, այդ թվում` նախագահական փոխայցերով, միջխորհրդարանական կապերի սերտացմամբ, նոր բարեկամական կապերի հաստատմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև, տնտեսական համագործակցության խորացմամբ, Հայաստանում Ֆրանսիական բիզնեսի ներկայության ընդլայնմամբ, մշակութային և գիտակրթական կապերի ամրացմամբ։
Կողմերը քննարկել են նաև Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության համար ընձեռվող հնարավորությունները:
ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ։