Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի բարոյականություն խրատել Իսրայելին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Իսրայելի վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Նեթանյահուի կողմից հնչած մեղադրանքներն այն մասին, որ թուրքական բանակը հանցանքներ է գործում խաղաղ բնակչության դեմ: Նեթանյահուն նույն օրն ավելի վաղ ժխտել էր Անկարայի կողմից հնչած քննադատությունը, որը վերաբերում էր մարտի 30-ի իսրայելական բանակի գործողություններին, երբ Գազայի հատվածի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ 16 պաղեստինցի էր սպանվել:
«Էրդողանը սովոր չէ, որ իրեն պաասխանեն, սակայն նա պետք է սովորի դրան», - ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ «նա, ով օկուպացնում է հյուսիսային Կիպրոսը, ներխուժում է քրդական տարածքներ և ոչնչացնում Աֆրինի խաղաղ բնակչությանը, չպետք է բարոյական արժեքների մասին դասեր կարդա մեզ»:
Իսրայելի վարչապետը նշել է, որ «աշխարհի ամենաբարոյական բանակը (նկատի ունի Իսրայելի Պաշտպանության բանակը) չի լսի խրատներ նրանցից, ովքեր տարիներ շարունակ առանց մտածելու ռմբակոծում են խաղաղ բնակչությանը»: