ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի օդանավակայանում երկու մարդ զոհվել է թեթև օդանավերի բախման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է NBC- ն:
Մարիոն քաղաքի քաղաքային օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում Cessna 150 միաշարժիչ ինքնաթիռը բախվել է Cessna 525 բիզնես-ջետին: Ինչպես նշում է NBC-ն, Cessna 150-ը բառացիորեն կիսվել է երկու մասի, որոնք այնուհետև բռնկվել են: Օդանավում գտնվողներից մեկը դուրս է ընկել այնտեղից, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Եվս մեկը մահացել է ինքնաթիռի բռնկվելու հետևանքով: Cessna 525-ում եղել է հինգ մարդ: Նրանցից ոչ ոք չի տուժել: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Cessna 525-ը նոր էր վայրէջք կատարել, իսկ մյուս ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի: Ինչ-ինչ պատճառներով միաշարժիչ մեքենայի օդաչուն չի նկատել բիզնես-ջետը, ինչը և հանգեցրել է բախման: ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը միջադեպի հետաքննություն է սկսել: