Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի, ոլորտում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանի հետ:
-Պարո՛ն Մխիթարյան, Հայաստանում պարբերաբար քննարկումներ են ծավալվում դոկտորականգիտական աստիճանի չեղարկման վերաբերյալ: Նման գործընթաց կա՞:
- Նման գործընթաց չի էլ սկսվել, դրանք ուղղակի խոսակցություններ են: Քաղաքական մակարդակում մի քանի անգամ հայտարարություններ են եղել, որ Հայաստանը պահպանում է երկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգը: Նման փոփոխություններ նախատեսող օրենքի որևէ նախագիծ, կառավարության որոշման նախագիծ առկա չէ: Բարձրագույն երրորդ կրթաստիճանն ավարտելուց հետո շնորհվում է առաջին գիտական աստիճանը, իսկ դրանից հետո գիտության մեջ էական ներդրում ունեցող գիտնականներին շնորհվում է նաև երկրորդ գիտական աստիճանը:
- Իսկ հնարավո՞ր է դոկտորի գիտական աստիճան ստանալ՝ առանց դոկտորանտուրայում ուսանելու կամ հայցորդության: Ի՞նչ ընթացակարգ է գործում այդ պարագայում և ո՞ր օրենքով է դա ամրագրվում:
- Երկրորդ գիտական աստիճանը կրթականի հետ որևէ կապ չունի: Դա գիտնականի արած գիտական աշխատանքն է, ներդրումն է գիտության ոլորտում, որը ձևակերպված է ատենախոսության ձևով, պահպանված է հրապարակայնորեն: Դա կրթական որևէ գործընթաց չի ենթադրում: Եթե մարդն ունի առաջին գիտական աստիճանը, կարող է պաշտպանել նաև ատենախոսություն և ստանալ երկրորդ գիտական աստիճանը՝ եթե համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից ընդունված «Հայաստանում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում» սահմանված չափանիշներին:
- Կարգը նո՞ւյնն է նաև արտերկրի քաղաքացիների համար: Ի՞նչ հատուկ պահանջներ ենառաջադրվում նրանց համար:
- Բոլորի համար պահանջները նույն են՝ անկախ քաղաքացիությունից: