Գազայի հետ սահմանին իսրայելական բանակի և պաղեստինցիների ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները, որոնց արդյունքում զոհվել է 16, վիրավորվել 1.5 հազար պաղեստինցի, լարվածությունը մեծացրել են ոչ միայն պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, այլ նաև թուրք-իսրայելական հարաբերություններում: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է պաղեստինյան անկլավում հրեական պետության կողմից «ոչ հավասարաչափ ուժի կիրառումը», իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն Իսրայելին մեղադրել էր ահաբեկչության քաղաքականություն իրականացնելու մեջ: «Աշխարհի ամենաբարոյական բանակը չի լսելու նրանց խրատները, ով տարիներ շարունակ գնդակոծում է քաղաքացիական բնակչությանը», - ասել է Նեթանյահուն՝ պատասխանելով թուրքական կողմի քննադատությանը։ «Երևի թե այսպես է Անկարան նշում ապրիլի 1-ը»,– ավելացրել է վարչապետը։
Թուրքիային ուղղված քննադատությամբ հանդես են եկել նաև իսրայելցի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը, ում կարծիքով Թել-Ավիվը պետք է քայլեր ձեռնարկի Թուրքիայի դեմ միջազգային ասպարեզում՝ անգամ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Այնուամենայնիվ, թուրք-իսրայելական հարաբերություններում այս նոր լարվածությունը դժվար թե հանգեցնի միմյանց դեմ կտրուկ գործողություններին:
Պաղեստինյան հիմնախնդրով պայմանավորված էրդողանն առաջին անգամ չէ, որ Իսրայելի հասցեին նման մեղադրանքներ է հնչեցնում, իսկ Թել-Ավիվը սպառնում միջազգային ասպարեզում ճնշում գործադրել Անկարայի վրա, սակայն, որպես կանոն, կողմերը խոսքերից գործողության չեն անցնում:
Թուրքիան վերջին տարիներին փորձում է ստանձնել տարածաշրջանային, ինչպես նաև իսլամական աշխարհի առաջնորդի դերը, ուստի, բավականին սուր է արձագանքում պաղեստինյան հիմնախնդրի հետ կապված զարգացումներին: Սակայն, Իսրայելում նախընտրում են տարածաշրջանում արաբական երկրների առաջնորդի դերում տեսնել Թուրքիային, այլ ոչ թե Իրանին, որը ևս հավակնություններ ունի պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Նման պայմաններում Թել-Ավիվն իր գործողություններով դժվար թե փորձի խոչընդոտել Անկարայի տարածաշրջանային հավակնություններին և գնա Թուրքիայի հետ հարաբերությունների ավելի սրման: Նույնիսկ 2010 թվականին Մավի Մարմարայի միջադեպից հետո, երբ Թուրքիայի ու Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին, կողմերի միջև մշտապես պահպանվել է քաղաքական երկխոսությունն ու ամուր տնտեսական հարաբերությունները: