Հայաստանից և ԵԱՏՄ մյուս երկրներից Ռուսաստան մեկնած մեքենաները կարող են ավելի հեշտությամբ տեխնիկական անձնագիր ստանալ այնտեղ։ Ինչպես հաղորդում է Սպուտնիկ Արմենիան` հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, այդ մեքենաներից այլևս տրանսպորտային միջոցի անվտանգության մասին փաստաթուղթ չեն պահանջի։
«Անիվավոր տրանսպորտային միջոցների մասին» եվրասիական տեխնիկական կանոնակարգը նախատեսում է, որ երկրները պետք է ճանաչեն տվյալ պետությունների նույնատիպ փաստաթղթերը և երկրորդ փաստաթուղթ չպահանջեն մյուս երկրի համար։
Բացի այդ, ԵԱՏՄ երկրներում մինչև 2017թ.-ի հունվարի 1-ը գրանցված մեքենաները կարելի է ներկրել Ռուսաստան առանց արտակարգ ծառայությունների կանչի համակարգի (ԷՐԱ ԳԼՈՆԱՍՍ)։ Նոր մեքենաներում այդ համակարգը պարտադիր է։ Դրա օգնությամբ որոշում են վթարի վայրը և փոխանցում տագնապի ազդանշանը։ Ավելի հին մեքենաների համար, որոնք բերվել են ԵԱՏՄ այլ երկրներից, այդ համակարգը չեն պահանջի։