ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն ապրիլի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք Է պատասխանատվություն կրի իր երկրում մարդու իրավունքների խախտումների համար: Այս մասին ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Երկու ղեկավարներն Էլ վճռականորեն դատապարտել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սոսկալի գրոհները եւ համաձայնել են, որ Ասադի վարչակարգը պետք Է պատասխանատվություն կրի մարդու իրավունքների շարունակական խախտումների համար»,- ասված Է փաստաթղթում:
Նախագահները նաև «համաձայնել են փոխանակել տեղեկատվություն նման հարձակումների բնույթի վերաբերյալ և ձեռնարկել վճռական, համատեղ պատասխան միջոցներ»:
Ելիսեյան պալատի տվյալներով՝ ղեկավարները համաձայնության են հասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գործողությունների համակարգման շուրջ, որտեղ ապրիլի 9-ին տեղի կունենա երկու նիստ, որոնցից մեկը՝ նվիրված միջազգային խաղաղության սպառնալիքին, որ գումարվելու է Մոսկվայի նախաձեռնությամբ, երկրորդ նիստի անցկացմամբ հանդես են եկել ինը պետություն՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Լեհաստանը, Նիդեռլանդները, Շվեդիան, Քուվեյթը, Պերուն և Կոտ դ’Իվուարը՝ Սիրիայում քիմիական գրոհի մասին հաղորդումների առնչությամբ: