ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 9 անդամների պահանջով ապրիլի 9-ին, գումարվեց ԱՄՆ ԱԽ արտակարգ նիստ Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման կապակցությամբ:
Ավելի վաղ մի շարք սիրիական ընդդիմադիր պորտալներ և «ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը զինյալներին հղումով հայտնել էին սիրիական բանակի կողմից Դումա քաղաքում քլոր կիրառելու մասին, ինչի արդյունքում իբրև մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել:
Սիրիայի ԱԳՆ–ն այս կապակցությամբ հայտարարել էր, որ սիրիական բանակի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ մեղադրանքները տխուր և ոչ համոզիչ են։
Նշենք, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները Սիրիայի կառավարական ուժերին մեղադրում են 2014 թվականից ի վեր քիմիական առնվազն 4 հարձակում իրականացնելու մեջ: Միևնույն ժամանակ միջազգային հանրությունը դեռևս այս հարցով պատշաճ հետաքննություն չի իրականացրել և ապացույցներ չկան, որ սիրիական հակամարտության ընթացքում քիմիական հարձակումները կատավել են սիրիական բանակի կողմից:
Նշենք, որ Դումայում Ասադի կողմից քիմիական հարձակում կատարելու մասին տեղեկությունները ևս ստուգված չեն, և չնայած դրան՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում փորձում էին որոշել քիմիական հարձակման համար Ասադին պատասխանելու ձևաչափը: Նշենք, որ ԱՄՆ վարչակազմում արդեն վաղուց քննարկում են Սիրիային հարվածներ հասցնելու հավանականությունը: Հաշվի առնելով, որ 2017 թվականին Սիրիայում կառավարական ուժերի ավիաբազան հրթիռակոծելու համար որպես պատճառ ԱՄՆ-ն օգտագործեց Իդլիբում իբր Ասադի ուժերի կողմից իրականացված քիմիական հարձակումը՝ չի բացառում, որ Դումայում քիմիական հարձակման մասին լուրերը ևս այս նպատակին են ծառայում:
ԻՊ պարտությունից հետո ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան այլևս որևէ պաշտոնական հիմք չունի միջամտելու Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքին, որն, ի դեպ, այժմ չի բխում իր շահերից, իսկ քիմիական զենքի կիրառումը և մարդկության դեմ հանցագործությունները կարող են «արդարացնել» ԱՄՆ ռազմական գործողությունները Սիրիայում:
Այս համատեքստում հետաքրքիր է Իսրայելի կողմից ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Հոմսում սիրիական ռազմա-օդային ուժերի ավիաբազայի հրթիռային հարձակումը: Թել-Ավիվում այս կապակցությամբ որևէ բացատրություն չեն տալիս: Սակայն, ամենայն հավանականությամբ, իսրայելական օդուժը գործել է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված:
Որպես իսրայելական զինուժի գործողությունների հավանական պատճառ դիտարկվում է ԱՄՆ կողմից պատրաստվող հարձակման համար սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի գնահատումը:
Միևնույն ժամանակ Սիրիայում Իսրայելն իր հետաքրքրություններն ունի, և պատահական չէ, որ ավիահարվածները հասվել են այն բազային, որտեղ գտնվել են իրանական ուժերը: Չի բացառվում, որ Սիրիայում իրանական ազդեցության դեմ պայքարելու անվան տակ Իսրայելն առաջիկայում ակտիվացի իր ռազմական գործողությունները այդ երկրում՝ միաժամանակ աջակցելով ԱՄՆ կողմից հովանավորվող զինյալներին:
Այսպիսով, առաջիկայում ակնկալվում է Սիրիայի շուրջ լարվածության աճ, ինչը, բնականաբար, բացասաբար կանդրադառնա կարգավորման գործընթացի վրա: