ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպանների հետ, ովքեր Երևան են ժամանել ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով դեսպաններին` Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար այս կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար։
Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունները և կառավարման նոր համակարգը, երկրում ընթացող բարեփոխումները:
Քննարկվել են Եվրասիական միության շրջանակներում համագործակցության արդյունքները, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։
ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և ուղղություններին, ներկայացրել Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:
Դեսպանների հետ հանդիպմանը արծարծվել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումները, առկա խնդիրների կարգավորման ուղիները և փախստականների շուրջ ստեղծված իրավիճակն ու նրանց խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերրը:
Հանդիպման օրակարգում եղել են նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: