Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի եզդիների նկատմամբ կրկնում է «Իսլամական պետության» գործողությունները։ Այս մասին այսօր Երևանում լրագրողներին է ասել «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին, որը վերջերս է վերադարձել Իրաքից, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Նրա խոսքով` Սիրիայի տարածքում, մասնավորապես Աֆրինում Թուրքիայի ծավալած ռազմական գործունեությունն անմիջապես անդրադառնում է եզդիների վրա։
«Կան փաստեր, համացանցում տեղադրված տեսանյութեր այն մասին, որ թուրք զինվորները ստիպում են եզդիներին դավանափոխ լինել կամ մահապատժի են ենթարկում։ Կրկնվում է այն, ինչ եզդիների հետ կատարվում էր Իրաքում` Շանգալում։ Այս անգամ «Իսլամական պետության» գործողությունները Թուրքիան կրկնում է Սիրիայում», - ասել է Մուրազին։
Նրա խոսքով` վտանգ է սպառնում ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի եզդիներին, քանի որ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի եզդիաբնակ Շանգալում՝ պատճառաբանելով, որ այնտեղ կան քուրդ զինյալներ: