Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության կողմից մշակվել է Արցախում B&B (bed and breakfast (մահճակալ և նախաճաշ)) կարգի հյուրատների զարգացման ծրագիրը, հայտնում է Artsakhpress-ը:
Զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի խոսքով՝ ծրագրի առաջին փուլում ընդգրկված է Մարտակերտի ու Շահումյանի շրջանների մինչև 15 համայնք:
«Դրանք ընտրվել են, քանի որ գտնվում են հյուսիսային զբոսաշրջային երթուղու վրա: Ծրագիրն իրականացվելու է «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի աջակցությամբ և Արցախի ներդրումային հիմնադրամի հետ համագործակցությամբ: ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ արդեն պայմանավորվածություն կա համապատասխան մասնագետների ներգրավման հարցում»,- ասել է Ա. Գրիգորյանն՝ ավելացնելով, որ համայնքների այն բնակիչները, ում հետաքրքիր է այս ծրագիրը, անցնելու են համապատասխան դասընթացներ՝ հետագայում համայնքներում հյուրատների ծառայությունն արդյունավետ կազմակերպելու համար:
Պատասխանատուի հաղորդմամբ՝ B&B կարգի հյուրատների հիմնումն Արցախում նախադրյալներ կստեղծի նաև էկոտուրիզմի զարգացման համար: