Հայաստանի համար ճիշտ որոշում է եղել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, և դա չի սահմանափակել երկրի մուտքն այլ շուկաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նման համոզմունք հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մուտք է գործել 180 միլիոնանոց շուկա՝ ստանալով արտոնյալ ռեժիմներ: «Բացի նրանից, որ մենք սրանով զարգացրել ենք մեր ներքին ներուժը, նաև ներդրողների հրավիրելու խնդիր ենք լուծել», - նշել է Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, չի սահմանափակել իր մուտքն այլ շուկաներ: Որպես իր ասածի ապացույց վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ 2017 թվականին Հայաստանի ներմուծման և արտահանման աճն ավելի շատ բաժին է ընկել այլ շուկաներին:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ Հայաստանն ունի GSP+ արտոնյալ ռեժիմ Եվրոպական Միության, GSP ռեժիմ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ: